BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հայաստանը` գազի մարդկանց բնակավայր

Հայաստանը` գազի  մարդկանց բնակավայր
04.03.2014 | 00:37

2013-ի տիրական ձմեռից հետո Հայաստանում շատացել են գազի մարդիկ, ճիշտ այնքան, որքան գազի սպառող կա Հայաստանում: Գազի բոլոր մարդկանց տրամաբանորեն պիտի հետաքրքրեր իրենց գնած ապրանքի գինը, ավելի ճիշտ` հնարավորինս էժան գնելը: Բայց 2013-ի տիրական ձմեռն արդիական դարձրեց ևս մեկ հարց` ապրանքի որակը: Օրեցօր ակնհայտ դարձավ, որ մեծացել է ժամանակը, որ օգտագործվում է, ասենք, սուրճ և ավելի ծանրակշիռ սնունդ պատրաստելիս, բացի այդ, նույն քանակով օգտագործված գազը, որ առաջ տաքացնում էր, հիմա մրսեցնում է: ՈՒ այդպես Հայաստանում բոլորը դարձան գազի մարդ:
Փետրվարի 28-ին Եվրասիական փորձագիտական ակումբը կլոր սեղան էր կազմակերպել «Գազի հարցը Հայաստանյան տնտեսության համար» թեմայով, քննարկմանը մասնակցում էին նաև ռուս և բելառուս փորձագետներ, տնտեսագետներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, գիտնականներ: «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ շեշտեց, որ քննարկմանը հրավիրված չեն քաղաքական գործիչներ. «Մենք գիտենք, որ այս հարցը քաղաքական հարթության մեջ է, և քաղաքական շրջանակներում էլ պարզաբանումներ ստանալու ջանքեր են գործադրվում: Մեր խնդիրը փորձագիտական գնահատական տալն է»:
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԸ քննարկվող թեման համարեց թե քաղաքական, թե տնտեսական, շեշտելով, որ շոշափում է յուրաքանչյուրի շահերը և պահանջում մանրակրկիտ մասնագիտական քննարկում: Ըստ նրա, Հայաստանի տնտեսությունը և բնակիչները շաղկապվել են մի ապրանքի, որը ներմուծվում է դրսից, և այդ իրավիճակն ունի դրական ու բացասական կողմեր: Լուրջ մինուս որակվեց գազի ներմուծման մոնոպոլ կարգավիճակը: Իսայանը նշեց, որ գազ արտահանող խոշորագույն երկրներ են Ռուսաստանը, Կատարը և Իրանը: Ռուսական պաշարներն ավելին են, քան Իրանինն ու Կատարինը միասին: Հենց այդ հանգամանքով փոխնախարարը պայմանավորեց գազի թեմատիկայի քննարկման սրությունը, երբ մի քանի երկրներ գազի գնով կարող են քաղաքականություն թելադրել ամբողջ աշխարհին: Ռուսաստանն իր գազը Եվրոպային տարբեր գներով է վաճառում` 1000 խորանարդ մետրի համար 380-425 ԱՄՆ դոլարի շրջագծում: ՌԴ-ի հետ դեկտեմբերին ստորագրված գազային համաձայնագրերի անկյունաքար պարոն Իսայանը անվանեց Հայաստանի համար բանակցությունների արդյունքում ձեռք բերված «առավել բարենպաստ գինը»: Ռուսական կողմը հասկանում էր, որ գազի գնի բարձրացումը կարող է հանգեցնել տնտեսության քայքայման և սպառման ծավալների անկման` ըստ փոխնախարարի: Բանակցություններում Հայաստանը ելակետ է ունեցել ներքին օգտագործման համար Վրաստանի սահմանին 2010-ին ամրագրված գինը` 180 դոլար: Հաշվի է առնվել նաև գոյացած պարտքը, այլապես անիմաստ էին դառնում բանակցությունները, որոնց ընթացքում պարտքի հաշվարկը սառեցվել է: «Գազպրոմի» ելակետը բանակցություններն այնպես վարելն էր, որ անպայման համաձայնություն ձեռք բերվի: Բանակցությունների ամենակարևոր պահը պարոն Իսայանը համարեց սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Այդ հայտարարությունը հնարավորություն տվեց փոխել շեշտադրումները և լուծումներ գտնել բարդ հարցերում: «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված համաձայնագրերը Հայաստան գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստի ներմուծման մասին գործնականում նախերգանքն են Հայաստանի` Մաքսային միությանը, հետագայում Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցության: Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ապրանքների համար ռուսական կողմը ներմուծման մաքսատուրքեր չի գանձելու: Այդպիսով հնարավոր դարձավ իջեցնել Հայաստան մտնող բնական գազի պայմանագրային գինը 270 դոլարից 189: Մեր գործընկերները պայմանագրում ներառեցին դրույթներ, որոնք հավասարակշռում են իրենց շահերը մաքսային հաշվարկի և վերահսկողության մեխանիզմ անմաքսատուրք գազի ներմուծման վրա, պարզելու համար Հայաստան մտնող և Հայաստանից դուրս եկող գազի ծավալները: Ռուսական կողմն իրավունք ունի նվազեցնել կամ ավելացնել գազի ծավալները այդ դեպքերում: Մենք վերադարձանք 2010 թ. գնին` 9 դոլարի տարբերությամբ: Այս կետում մենք բախվեցինք տարակարծության. մեզ ասում են` եթե գազի գինը իջել է, ինչո՞ւ է ավելի բարձր դարձել: Բանակցությունների սկզբում մենք սառեցրել էինք գազի գինը 180 դոլարի մակարդակում, իսկ համաձայնագիրը կնքելուց հետո թողեցինք նույն մակարդակում` հավելելով 9 դոլար: Կնքված համաձայնագրերը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել հեռանկարային փոփոխությունները, որպեսզի չունենանք նախորդ տարիների իրավիճակը, երբ ամեն տարի սպասվում էր գազի գնի փոփոխություն: Այս պահին ստացված օգուտը հաճախ կորչում է գնի անսպասելի բարձրացման պատճառով: Այդ առումով համաձայնագրի կարևորագույն կետը գնի ձևավորման կարգն է: Մենք նման համաձայնագիր երբեք չենք ունեցել: Առաջիկա 5 տարվա հաշվարկով մենք ստացել ենք կայուն գնի բանաձև: 189 դոլար գործող սակագնի հիմքում Օրենբուրգի մարզում ընդունված գինն է` հաշված ռուսական ռուբլով: Այդ գնին ավելանում է Վրաստանի ու Հայաստանի տարածքով գազի փոխադրման ծախսը»: Փոխնախարարը կարծում է, որ համաձայնագրերը թույլ տվեցին լուծել գազային հիմնական հարցը` գազի գինը և գազի գնի անփոփոխ մնալը 5 տարի: Նա անհամեմատելի է համարում Հայաստանին և այլ երկրներին տրվող ռուսական գազի գները` մեկ վերապահումով. Հայաստանին տրվող գազի գինը համեմատելի է միայն Բելառուսին տրվող գազի գնի հետ` 167 դոլար, բայց Բելառուսը Մաքսային միության անդամ է: Անդրադառնալով գազի արտադրաստեղծ գործառնությանը, պարոն Իսայանը մատնանշեց, որ գազի սակագինը սոցիալական կատեգորիա է, նա ներքին օգտագործման համար տոկոսադրույքների ձևավորման մեթոդիկան շրջանցելով ասաց, որ ներքին օգտագործման տոկոսադրույքներն էլ նշանակալից ցածր են այլ երկրներից: Բացառությամբ գազ արտահանող երկրների: Համեմատության համար նշվեց, որ 1000 խորանարդ մետրի դիմաց Վրաստանում սպառողները գազի համար վճարում են 128 դրամ, 119` արդյունաբերական նպատակով օգտագործվող գազի գինն է, ՈՒկրաինայում սպառողները վճարում են 53 դրամ, 246 դրամ` արդյունաբերողները: Թուրքիայում համապատասխանաբար 188 և164: Մոլդովայում` 224 և 200: Լեհաստանում` 287 և 220: Ֆրանսիայում` 328 և 234: Նշվեց, որ գազի և էլեկտրաէներգիայի տոկոսադրույքները արդյունաբերության համար մրցակցային հնարավորություններ են բացում: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը թեմային սերտ առնչվող մեկ այլ հարցի ևս անդրադարձավ` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզի շրջանակներում կատարվող քայլերին: Էներգետիկայի ոլորտում նախատեսված միջոցառումները 18 կետ են, պետք է 32 քայլ կատարել` 3 կարևոր համաձայնագրեր ստորագրելու համար: Այսօր արդեն, նրա գնահատմամբ, կատարված է աշխատանքի 70 տոկոսը, որը վկայում է հնարավորինս արագ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը: Իբրև այդ ուղղությամբ գործող աշխատանքային խմբերից մեկի ղեկավար, պարոն Իսայանը վստահություն հայտնեց, որ արդեն մայիսին հնարավոր կլինի մեծ համաձայնագիր ստորագրել:
«Գազպրոմ Հայաստան» ընկերության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ անդրադարձավ ընկերության խնդիրներին` նշելով, որ ֆինանսական առումով բավականաչափ լարված վիճակ է` մեծացել են ծախսերը, նվազել հոսքերը: Պարոն Մովսիսյանը հիշեցրեց, որ հայկական շուկայում «Գազպրոմն» աշխատում է 1999-ից, և արդեն այն ժամանակ գազատարի տեխնիկական վիճակը անմխիթար էր` խողովակաշարը բավականին հին էր (25-30 տարվա), և դեռ այն ժամանակ պետք էր քայլեր ձեռնարկել համակարգը նորացնելու համար: Ֆինանսական հիմնական միջոցը Հայաստանի ներքին շուկայում գազի իրացումից ստացված եկամուտը պիտի լիներ: Այսօրվա համակարգի մասին խոսելիս նա անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերջին 15 տարում ընկերության գործունեությանը, հակառակ պարագայում, նրա կարծիքով, կկատարվեն սխալ եզրակացություններ: Նրա գնահատմամբ` գազային համակարգը հեռու է իդեալական վիճակից, ինչի պատճառները շատ են, բայց հիմնականը բնական գազի տոկոսադրույքն է, որի ձևավորման վրա միշտ սոցիալ-տնտեսական բաղադրիչն է մեծ ներգործություն ունեցել: Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը չէր կարող հաշվի չառնել ծանր սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում: Այդ իսկ պատճառով ձևավորված տոկոսադրույքները չէին կարող բացասական հետևանքներ չունենալ ընկերության տեխնիկական վիճակի վրա: Ցավոք, տեխնիկական վատ վիճակը ունի մուլտիպլիկատիվ էֆեկտ: Անկախ ներմուծվող գազի ծավալից, ընկերությունը պարտադրված է կատարել որոշակի ծավալի ծախսեր, հակառակ պարագայում խողովակաշարը կկորցնենք: Ընկերությունը ժամանակին կազմել է անհրաժեշտ նորմատիվ ծախսերի նախահաշիվ, որի հետ համեմատությունը վկայում է, որ անցած տարիներին ընկերությունը հնարավորություն չի ունեցել ամբողջ ծավալով կատարել խողովակաշարի շահագործմանն անհրաժեշտ աշխատանքները: Ֆինանսների պակասը մասամբ փոխհատուցվել է ընկերության շահույթներից, բայց դա էլ բավարար չի եղել: Նշելով տարբեր տարիների թվական տվյալները, պարոն Մովսիսյանն արձանագրեց, որ այդ պայմաններում գերշահույթների մասին խոսելն ավելորդ է: Բայց խնդիրը շատ ավելի խոր է: Եկամուտը ամորտիզացիայի հետ գլխավոր աղբյուրն է ներդրումների, ներդրումները հետ են բերվում որոշակի ժամանակի մեջ և, ինչպես համաշխարհային փորձն է վկայում, մասնակի: Ի՞նչ աղբյուրներից ընկերությունը կարող էր կապիտալ ծախսեր կատարել: Գազատարի 1600 կիլոմետրը բարձր ճնշման խողովակաշար է, 560 կիլոմետրը 40 տարվա վաղեմության է: Մինչդեռ առավելագույն գործածության ժամկետը սահմանված է 30 տարին: Նվազագույն հաշվարկներով 560 կիլոմետր խողովակաշարի նորացումը 450-500 միլիոն դոլար է պահանջում: 1999-2004 թթ. տոկոսադրույքային շահույթը տարեկան ԱՄՆ 2 միլոն դոլար է կազմել, 2004-2006 թթ.` 4,5 միլիոն: Շահույթը 2013-ին եղել է 33 միլիոն դոլար: 15 տարում 200 միլիոն դոլար պետք է կազմեր, և այդ ամբողջ գումարը, պարոն Մովսիսյանի գնահատմամբ, փոշիացել է ծերացած գազատարը պարբերաբար կարկատանելու վրա: Նա համոզված է, որ ընկերությունը չի ստացել այն շահույթները, որ պետք է ունենար: Եղել են տարբեր պատճառներ, այդ թվում` դոլարի կուրսի փոփոխությունները, անցած 15 տարում տոկոսադրույքները 6-7 անգամ փոխվել են: Այսօր դոլարի կուրսի փոփոխությունը 1 դրամի չափով 10 միլիոն դրամի կորուստ է բերում ընկերությանը: Լինելով բորսայի ամենախոշոր խաղացող, ընկերությունը կարող է փոխել տարադրամի կուրսը` բարձրացնելով դոլարի կուրսը 1-2 տոկոսով: Մաթեմատիկական հաշվարկներով պարոն Մովսիսյանը հավաստեց, որ իրենք հայտնվել են երկակի վիճակում, երբ դոլարի կուրսի բարձրացումը փոխհատուցումների մեխանիզմում հաշվառված չի եղել: Այդ իրավիճակը մի քանի անգամ քննարկվել է և անհրաժեշտ է համարվել փոխհատուցման մեխանիզմի կիրառում: Ամորտիզացիայի հաշվառումով 200 միլիոնի շահույթը ծախսվել է չնախատեսված շահագործման ծախսերը ծածկելու վրա: «Գազպրոմ Հայաստան» ընկերության փոխնախագահը թվարկեց նաև գազատարի տեխնիկական սպասարկման անհրաժեշտ այլ միջոցառումներ, եկամուտների ու ծախսերի հաշվեկշիռը ներկայացնելով համարյա զրոյական, նշվեց, որ երկրի գազիֆիկացման վրա էլ մի քանի տասնյակ միլիոն դոլար է ծախսվել: Պարոն Մովսիսյանը երկար թվարկում էր ընկերության կորուստների ցանկը` խորանալով մասնագիտական հասկացությունների ու համեմատականների, թվերի ու քանակների մեջ: Ի վերջո, թվաց, որ խողովակաշարի մաշվածությունը, գազի կորուստները, տարատեսակ ու անխուսափելի տեխնիկական խնդիրները, դոլարի կուրսի տատանումները, գազի կալորիականության տարբերությունները անհատ սպառողների և արդյունաբերական նպատակով սպառվող գազի դեպքում դեռ չարյաց նվազագույնն են: Այսօր «Գազպրոմ Հայաստանին» անհրաժեշտ են լուրջ ներդրումներ. սա էր նրա ելույթի հիմնական եզրակացությունը, որին հիմնավորումներ էին ծառայում նշված թվերն ու հաշվարկները: Ի վերջո, միակ դրականը Հայաստանի համար համարվեց գազային նոր համաձայնագրերի կնքումը, առանց որի մենք կարող էինք կորցնել գազային համակարգը: Պարոն Մովսիսյանը չէր կարող չանդրադառնալ ընկերության աշխատակիցների բարձր աշխատավարձերի մասին խոսակցություններին: Նա ասաց, որ տարեկան ընկերության դրամաշրջանառությունը կես միլիարդ է կազմում, այդքան մեծ պահանջարկ ունեցող ապրանքին հարաբերվելը ուղեկցվում է լուրջ տնտեսական հակաազդակների ծագման վտանգով, որոնք չեզոքացնելու համար անհրաժեշտ է նույնքան լուրջ և խիստ վերահսկողություն, հավելած աշխատանքի վարձատրության խթանող համակարգ, որի դեպքում մարդիկ զգուշանում են աշխատանքը կորցնել: Հենց այդ համակարգն է թույլ տվել զրոյացնել գազ գողանալու դեպքերը, արհեստական վթարները և այլն, և այլն: Այդքանը: Նա նշեց նաև, որ հաշվարկների համաձայն գազի սակագնի հերթական բարձրացմանը անցած տարիներին երկրի տնտեսությունը վարժվել է 2-3 տարվա ընթացքում, և եթե տոկոսադրույքների հաշվարկման ավելի ճկուն քաղաքականություն վարվեր, այդ ընտելացումը նվազ ցավոտ կլիներ: Բայց դա արդեն ընկերության խնդիրը չէ: Պարոն Մովսիսյանն անդրադարձավ նաև «Գազպրոմին» վաճառված 20 տոկոս բաժնետոմսերի հարցին և 300 միլիոնի պարտքին 2011-2013 թթ. և հարցրեց, թե այդ իրավիճակում ո՞վ է ամենից շատ տուժել: Սպառողները ի՞նչ են ստացել, եթե կառավարությունը բարձրացրել է տոկոսադրույքը, 2013-ին Հայաստանի ներքին շուկայում 4,5 միլիարդ խորանարդ մետր գազ է սպառվել, միջինացված հաշվարկները ցույց են տալիս, որ լրացուցիչ վճարը կազմել է 420 միլիոն դոլար: Ստացվել է, որ Հայաստանի կառավարությունը իր ունեցած բաժնետոմսերը վաճառել է ի փոխհատուցումն բնակչության սպառած գազի գնի: «Ես լավ հասկանում եմ այդ հաշվարկների պայմանականությունը, հայտնի չէ` իրենց ինչպես կպահեին սպառողները գազի նշանակալից թանկացման դեպքում, կնվազե՞ր սպառումը, թե՞ ոչ: 300 միլիոն պարտքի մասին խոսելիս շատերը, չգիտես ինչու, մոռանում են կառավարության հետ կնքված համաձայնագրում ամրագրված 189 դոլար գնի մասին 1000 խորանարդ մետր գազի դիմաց և հայկական կողմին կալորիականության համար վճարից ազատելու մասին»: Փորձենք հաշվել` ինչ կստանա Հայաստանի տնտեսությունը առաջիկա հինգ տարիներին, առաջարկեց պարոն Մովսիսյանը և հաշվարկեց, որ, բաժնետոմսերը վաճառելով, կառավարությունը գործնականում վարկավորել է տնտեսության ռեալ սեկտորը և բնակչությանը 400 միլիոն դոլարի չափով, իսկ առաջիկա 5 տարիներին սպառողները կխնայեն ևս 1 միլիարդ դոլար: Լա՞վ է, թե՞ վատ` հարցը հռետորական էր:
Քննարկումները շարունակվում էին, իսկ ես մտածում էի, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններին պետք է դատի տալ: Հայաստանի կառավարությանը, որ այդ փայլուն-փառահեղ գործարքը կնքել է այսքան ուշացումով: Ռուսաստանի կառավարությանը, որ ոտնատակ է տալիս պետական շահը և անվերջ կորուստների գնով պահում ռազմավարական դաշնակցին, որը համառորեն չի հասկանում իրեն արված բարերարությունը: Իսկ գուցե և պետք է դատի տալ Հայաստանի բնությանը, որ իր գոյության հազարամյակների ընթացքում չի կուտակել գազի և նավթի բնական պաշարներ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Կյանքում առաջին անգամ կարոտեցի քաղաքական գործիչներին: Եթե նրանք ներկա լինեին այս հույժ մասնագիտական քննարկմանը, կաղմկեին, կմեղադրեին իշխանությանը, ընդդիմությանը, միմյանց, կփառաբանեին իրենց ու ժողովրդին և գուցե կհավասարակշռեին թվերի ու փաստերի չոր լեզվին, որը ներկայացվում էր միայն մեկ դիտակետից: Սա գազի մարդու իմ տեսակետն է, որը չի հավակնում զուտ ճշմարտություն լինել, բայց և գոյության իրավունք ունի:

Դիտվել է՝ 2062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ